Ոչ իշխանական ուժերի «քառյակը» 2014թ. աշնանը Երեւանում համատեղ հանրահավաք է կազմակերպելու: Հայտարարությունը հունիսի 2-ին խորհրդարանում, ամփոփելով «քառյակի» ներկայացուցիչների հանդիպումը, «Ժառանգություն» կուսակցության խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն է հնչեցրել: Նրա խոսքով, նման որոշման համար հիմք է հանդիսանում իշխանություններին ուղղված 12 պահանջների ներկայացումը: «Երբ ինչ-որ բան ես պահանջում, պետք է նաեւ ժամանակ տաս` տեսնելու համար` արդյոք դրանք իրականացվում են, թե` ոչ: Դրա համար էլ աշնանը կլինի», - հայտարարել է խորհրդարանականը:

Նա հաստատական պատասխան չի տվել հարցին, թե արդյոք հանրահավաքի անցկացման ժամկետը կենսաթոշակային բարեփոխման շրջանակում օրենսդրական փոփոխությունների վերջնաժամկետի` սեպտեմբերի 30-ի հետ կապ ունի: Պատգամավորի խոսքով, միջոցառումն իրականացվելու է` անկախ այն բանից` իշխանություններն ընդառաջ կգնան «քառյակի» պահանջներին, թե` ոչ:  «Հանրահավաքը ընտրողներին տրվող յուրատեսակ հաշվետվություն է` կատարված աշխատանքի վերաբերյալ», - հայտարարել է Ռուբեն Հակոբյանը` հավելելով, որ նմանատիպ միջոցառումներ նախատեսված են նաեւ մարզերի համար, սակայն ժամանակացույց դեռ չի կազմվել:

«Քառյակի» այսօրվա խոսնակը նշել է, որ առաջարված 12 պահանջներում արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր քիչ են շոշափվում: Մասնավորապես, անդրադարձ չկա մայիսի 29-ին Աստանայում կայացած Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի շրջանակում հայկական պատվիրակության աշխատանքին: «Բայց, նախ եւ առաջ, մեր համագործակցությունը 12 կետերով չի վերջանում, իսկ հետո էլ` չորս ուժերն արդեն հայտնել են իրենց դիրքորոշումն այդ հարցի շուրջ», - հայտարարել է Ռուբեն Հակոբյանը: