Հայաստանի տրանսպորտի նախարարությունը մտադիր է ներդրողներին Երեւանի եւ Գյումրիի շուրջ վճարովի ճանապարհներ կառուցելու նախագծեր առաջարկել: Տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանն է հաղորդել: Նրա խոսքով, ներդրումային առաջարկների հիմքում այն հանգամանքն է լինելու, որ Հայաստանի մայրքաղաքն արդյունքում կարող է տարածաշրջանային տարանցիկ միջանցքի` Հյուսիս-Հարավ մայրուղու ճանապարհին հայտնվել:
«Նմանատիպ նախագծեր նաեւ մարզերի համար են մշակվում: Օրինակ` լեռնային շրջադարձների տակով կարելի է նոր թունելներ անցկացնել: Դրանց շնորհիվ ոչ միայն միջազգային դոնորներ, այլ նաւ` մասնավոր ներդրողներ կարող ենք գրավել», - նշել է փոխնախարարը:
Ի պատասխան հարցի, թե արդյոք բանակցություններ ընթանում են «Զվարթնոց» ազատ տնտեսական գոտու կազմակերպչի` միլիարդատեր Էդուարդ Էռնեկյանին պատկանող հոլդինգի հետ, Արթուր Առաքելյանը նշել է, որ նախագիծը հիշյալ կողմի համար եւս կարող է որոշակի հետաքրքրություն առաջացնել` հաշվի առնելով նոր ճանապարհի երթուղու փոքր հեռավորությունն օդանավակայանից:




























