Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհին, այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 19.30-ին, սողանքի հետեւանքով երկկողմանի փակված ճանապարհը ժամը 23.00-ի սահմաններում, ծանրաքարշ բեռնատար մեքենաների համար  միակողմանի երթեւեկելի է դարձել:

Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարությունից հայտնում են, որ դա հնարավոր է դարձել  «Լոռու ՃՇՇ» ՓԲ-ի եւ «Ալավերդու ՃՇՇՁ» ԲԲ-ի աշխատակիցների կատարած աշխատանքների շնորհիվ:

Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման Մ-6 ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրում սողանքային փլուզման հետեւանքով երկկողմանի փակվել էր  Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհը:

Այս պահի դրությամբ Ճանապարհի մաքրման աշխատանքները շարունակվում են:

Երկկողմանի երթեւեկությունը վերականգնվելուն պես կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, այսօր՝ հունիսի 3-ին, սողանք է տեղի ունեցել Լոռու մարզում, ինչի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը։ NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել է, որ ճանապարհի երկայնքով մեկ ցեխակույտ ու քարեր են թափված, սակայն ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է։

Հարյուրավոր մեքենաներ կանգնած են խցանման մեջ։ Դեպքի վայրում են ՃՈ աշխատակիցները, որոնք սպասում են ճանապարհը բացող տեխնիկայի ժամանելուն։

Թբիլիսիի օդանավակայան մեկնողները, սակայն, սպասելու ժամանակ չունեն։ Նրանք երեխաների հետ ճամպուկներով ցեխի միջով փորձում են անցնել ճանապարհի փակ հատվածը, որպեսզի չուշանան օդանավից։

Լոռու մարզում մեր թղթակիցը շարունակում է աշխատել դեպքի վայրում։