Երեւան-Թբիլիսի մայրուղու երթեւեկությունն ամբողջությամբ վերականգնված է: Այս մասին, այսօր՝ հունիսի 4-ին, կառավարության նիստում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը:
Նրա խոսքով՝ հունիսի 3-ի երեկոյան, քարաթափումից անմիջապես հետո, Վանաձոր-Ալավերդի այդ հատված է մեկնել ճանապարհային տեխնիկան: Միակողմանի երթեւեկությունը վերականգնվել է կեսգիշերին, իսկ ժամը 01.00-ից հետո, նաեւ երկկողմանի երթեւեկությունը:
Հունիսի 3-ի լույս 4-ի գիշերը սողանքը մասնակիորեն փակել է Գորիս-Կապան մայրուղին: Այսօր առավոտյան երթեւեկությունն այդ մայրուղում վերականգնվել է:
Բացի այդ, հունիսի 4-ին, տեղացած հորդառատ անձրեւի հետեւանքով հանրապետական Հ-24 ավտոճանապարհի Ձորագյուղ - Կուրթան հատվածը (Ձորագյուղի ոլորաններում) ծածկվել է ջրաբերուկներով՝ խոչընդոտելով երթեւեկությունը: Փոխվարչապետը հայտարարել է, որ շատ արագ երթեւեկությունը վերականգնվել է:
«Սողանքները պայմանավորված են հաճախակի անձրեւներով: Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նվազագույն ժամկետներում կանխենք դրանց հետեւանքները»,-հնշել է Գեւորգյանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ վերջին օրերին տեղացած հորդառատ անձրեւների հետեւանքով, հունիսի 3-ին, սողանք է տեղի ունեցել Լոռու մարզում, ինչի հետեւանքով փակվել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհը: NEWS.am-ի թղթակիցը դեպքի վայրից հաղորդել է, որ ճանապարհի երկայնքով մեկ ցեխակույտ ու քարեր են թափված, սակայն ճանապարհի 30-րդ կիլոմետրի հատվածը երկկողմանի փակ է։




























