Հայաստանը չի կարող Մաքսային միություն մտնել շատ պարզ պատճառով. ՄՄ անդամ երկրների մաքսատուրքերը կործանարար կլինեն նրա քաղաքացիների համար: Այս մասին հունիսի 4-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Միջազգային ու քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Նրա խոսքով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությունն աղետ էր: «Նազարբաեւն ուղղակի նվաստացրեց Հայաստանին եւ պատասխան չստացավ: Պատասխանը, որը հետո հնչեց ՀՀԿ երիտասարդական կազմակերպությունների հետ հանդիպմանը, դարձավ «մարտից հետո բռունցքներ թափահարել»: Հարկավոր էր Նազարբաեւին իր տեղը ցույց տալ: Սերժ Սարգսյանն ընդամենն ասաց, որ դա տհաճ էր», - նշել է Մեհրաբյանը: Երբ Հայաստանին ասում են, որ ԵՏՄ պետք է մտնել միջազգայնորեն ճանաչված սահմաններով, նրա դաշնակիցները չեն առարկում, ինչը նշանակում է, որ վերջիններս գոնե դեմ չեն դրան:
«Նրանց համար դա անսպասելի չէր, անսպասելին Սերժ Սարգսյանի համար էր», - վստահեցրել է Մեհրաբյանը եւ հավելել, որ եթե անգամ Հայաստանը ԵՏՄ մտնի, լավագույն դեպքում կունենա երկրորդ էշելոնի երկրի կարգավիճակ, ինչպես Ղրղըզստանը եւ ապագայում Տաջիկստանը», - ամփոփել է փորձագետը:
Հիշեցնենք, Աստանայում մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստում Նազարբաեւը հայտարարել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի նամակի մասին, որում կոչ էր պարունակում՝ Հայաստանը Եվրասիական միութունում ընդգրկել միայն վերջինիս միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում, այսինքն առանց Ղարաբաղի: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դրանից հետո ընդգծել էր Երեւանի հետ ամենակարճ ժամկետներում պայմանագիր ստորագրելու անհրաժեշտությունը՝ արհամարհելով Ալիեւի նամակի մասին լուրը:





























