Ռուսաստանի Դաշնությունից  Հայաստանի Հանրապետություն ներկրվող բնական գազի համար «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն վճարում է պայմանագրում ֆիքսված գնով՝ 189 ԱՄՆ դոլար 1000 խմ. դիմաց: Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան նշել է ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը:

Բացի այդ, նա ներկայացրել է 2014թ. առաջին եռամսյակում ՌԴ-ից  Հայաստան ներկրված բնական  գազի ծավալները ըստ ամիսների:

Ըստ այդմ, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան է ներկրվել 719,138.0   խմ գազ, որից հունվարին՝  324,219.0 խմ գազ, փետրվարին՝ 233,586.0 խմ, մարտին՝ 161,333.0: Գինը ըստ ինվոյսի կազմել է 189.79 դոլար:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն կից  ներկայացնում է նաեւ նշված ամիսների   հաշիվ-ապրանքագրերի /ինվոյսների/  պատճեն:

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ սահմանին թանկացել է Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող գազի սակագինը, սակայն ՀՀ իշխանությունները կրկին գաղտնի են պահել այս հանգամանքը, ինչպես նախկինում, երբ գազի գինը սահմանին 2011թ-ից սկսած թանկացել էր եւ իշխանական «գաղտնապահության» արդյունքում Հայաստանը կուտակել էր 300 մլն դոլարի պարտք:

«Հիշեցնենք՝ այդ պարտքը հատուցեց «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին տալով: Սակայն այս անգամ, ողջ զավեշտն այն է, որ գազը թանկացել է 2013թ. Հայաստանի կառավարության եւ «Գազպրոմ»-ի միջեւ կնքված գազային պայմանագրից հետո:

ՀՀ մաքսային ծառայությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում ՌԴ-ից Հայաստան է ներկրվել 845 հազար 231 խմ գազ՝ 186 մլն 603.8 հազար դոլար արժողությամբ: Ասել է թե՝այսօր Հայաստանը սահմանին գազը գնում է 1000 խմ-ն՝ 217-220 դոլար արժեքով: Մինչդեռ, ըստ պաշտոնական տվյալների՝ Հայաստանը ՌԴ-ից գազը պետք է ներկրեր 1000 խմ-ն 189 դոլարով»,–գրել է թերթը։