Եվրասիական միության երկրները պետք է արժութային միասնական քաղաքականություն վարեն, փոխանցում է  Gazeta.ru-ն՝ վկայակոչելով ՌԴ տնտեսական զարգացման նախարարությունը, որտեղ հրապարակված է ԵՏՄ-ի ստեղծման մասին պայմանագիրը:

Տեքստում ասված է, որ Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը «համաձայնեցված արժութային քաղաքականություն կվարեն»՝ խորացված ինտեգրման համար:

ԵՄ-ի ստեղծման վերաբերյալ Մաաստրիխտի պայմանագրի համաբանությամբ ԵՏՄ-ն իր համար ընտրել է մակրոտնտեսական թույլատրելի սահմանային ցուցանիշներ՝ բյուջեի դեֆիցիտը պետք է կազմի ՀՆԱ-ի 3%-ից ոչ ավելի, պետպարտքը՝ ՀՆԱ-ի 50%-ից ոչ ավելի, իսկ երկրների միջեւ գնաճի տարբերությունը չպետք է գերազանցի 5%-ը:

Որպես միասնական արժույթի անվանում առաջարկվում է թուրքական  «ալթըն»-ը: Մասնագետների մի մասն էլ կարծում է, որ արժույթը պետք է ոչ մեկինը չլինի, ոմանց կարծիքով էլ միասնական արժույթը պետք է լինի ռուբլին՝ հաշվի առնելով ՌԴ տնտեսական ներուժը: