Պաշտոնյաների բնակարանների եւ առանձնատների վրա ավազակային հարձակում կատարելու գործով, կամ այսպես կոչված «Բանդայի» գործով մեղադրյալ Արտուշ Հակոբյանի վարած «Համեր» մակնիշի ավտոմեքենայում խուզարկության ժամանակ հայտաբերվել է դեղամիջոց, որի մեջ եղել է մարիխուանա տեսակի թմրայութ: Այս մասին այսօր՝ հունիսի 4-ին, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դատախազ Սասուն Խաչատրյանը՝ ընթերցելով Արտուշ Հակոբյանին պատկանող ավտոմեքենայի խուզարկության արձանագրությունը: Ըստ արձանագրության ամբաստանյալը չի ընդունել, որ այդ դեղամիջոցն իրենն է:
Արտուշ Հակոբյանի պաշտպան Հովիկ Արսենյանը հայտարարեց, որ միջնորդություն է ներկայացնելու, որպեսզի այդ ապացույցը համարվի անթույլատրելի, քանի որ, ըստ նրա, ոչ ոք չի կարող ապացուցել, որ մարիխուանան ոստիկանները չեն դրել մեքենայի մեջ:
«2011թ. սեպտեմբերի 24-ին Արտուշը եղել է Երեւան-Աբովյան ճանապարհին գտնվող ռեստորաններից մեկում, նրան այնտեղից են բերման ենթարկել, ավտոմեքենան մնացել էր ռեստորանի բակում: Բայց խուզարկությունը կատարվել է երկու օր հետո Ոստիկանության հանցագործությունների դեմ պայքարի վարչության շենքի դիմաց: Եւ ինձ հետաքրքիր է՝ ռեստորանային համալիրից ով է մեքենան բերել ոստիկանության շենքի մոտ, բանալիները նրանց մոտ են եղել, ինչպե՞ս կարող են ապացուցել, որ նրանք չեն դրել մարիխուանան»,- հայտարարեց փաստաբանը:
Դատարանում հետազոտվեց նաեւ ամբաստանյալ Դավիթ Գալստյանի քննչական փորձարարության վերաբերյալ արձանագրությունը, որում նա պատմել է, թե որտեղից, երբ եւ ինչպես են կատարել ավազակային հարձակումները։
Պաշտպանական կողմի կարծիքով՝ այդ քննչական փորձարարությունը կատարվել է թերի:
«Քննչական փորձարարության ժամանակ հարց չի՞ առաջացել, թե այս մարդիկ կարող էին արդյոք թռնել այդ պատի վրայով, որը մատնանշել է Դավիթ Գալստյանը՝ ասելով, թե այդպես են մտել տուն՝ գողություն կատարելու: Թե՞ միայն ասաց ու վերջ, ինչ որ ասեր՝ կարող եմ անել, պետք է հավատայի՞ն: Իսկ որտե՞ղ են այն ոսկեղենը, կամ գումարները, որ նրանք վերցրել են սեյֆերից, գործում նման փաստաթուղթ չկա: Այս հարցերը կախված են օդում: Սրանք էական բացթողումներ են» ,- ասաց փաստաբան Հովիկ Արսենյանը:
Պաշտպան Արսենյանը կասկածի տակ դրեց նաեւ մատնադրոշմային փորձաքննության արդունքների հավաստիությունը եւ միջնորդեց, որպեսզի դատարան բերվի ժապավենը, որի վրայից հանել են մատնահետքը. «Ես կասկածում եմ անգամ՝ դրանք իրականում գոյություն ունեն, թե ոչ: Թող բերվեն դատարան, հետագայում կարող ենք ուղարկել լրացուցիչ քննության»:
Դատախազին դուր չեկավ պաշտպանական կողմի այս դիրքորոշումը, որը դա որակեց որպես իրեղեն ապացույցները կեղծելու մեղադրանք փորձագետի դեմ։
Դատարանը միջնորդության քննությունը հետաձգեց, դրան կանդրադառնան դատաքննության ավարտին:
Հիշեցնենք, որ 2011թ. սեպտեմբերի 23-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչության աշխատակիցները ձերբակալել էին 16 անձի, որոնցից 11-ին ավելի ուշ ազատ էին արձակել: Կալանավորված Արտուշ Հակոբյանը, Քյարամ Ամոյանը եւ մյուսները մեղադրվում են բարձրաստիճան պաշտոնատար անձանց բնակարաններում, առանձնատներում ավազակային հարձակումներ իրականացնելու համար:





























