«Բոքո հարամ» խմբավորման անդամները Նիգերիայում սպանել են 200 մարդու: Զինվորական համազգեստով գրոհայինները հարձակվել եւ ամբողջությամբ ոչնչացրել են երկրի հյուսիս-արեւելքում գտնվող երեք գյուղ:
Associated Press-ը, վկայակոչելով տեղի իշխանությունների ներկայացուցիչներին, փոխանցում է, որ իրենք զինվորականներին զգուշացրել էին գրոհայինների հարձակման նախապատրաստման մասին, սակայն օգնություն այդպես էլ չէր ուղարկվել: Նահանգի մայրաքաղաք Մայդուգուրիում ողբերգության մասին իմացել են միայն մի քանի օր անց, երբ այնտեղ են հասել ողջ մնացած գյուղացիները, փոխանցում է «lenta.ru»-ն:
«Բոքո հարամը» Նիգերիայում գործող ծայրահեղական խմբավորում է: Դրա նպատակն է շարիաթի օրենքները տարածել երկրի ողջ տարածքում եւ պայքարել արեւմտյան ազդեցության դեմ: Գրոհայինները բազմիցս հարձակվել են եկեղեցիների, դպրոցների եւ ոստիկանական բաժանմունքների վրա: 2014 թ. մայիսին ՄԱԿ-ի ԱԽ-ն «Բոքո հարամն» ընդգրկել էր ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:





























