Բոդրում քաղաքում թուրքալեզու երկրների առաջնորդների հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել Ադրբեջանի եւ Ղազախստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Նուրսութան Նազաբաեւի հանդիպումը:

Ինչպես հաղորդում է Ադրբեջանի նախագահի կայքը, տեղի է ունեցել նաեւ հայ-ադրբեջանական, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին կարծիքների լայն փոխանակություն: Նախագահ Իլհամ Ալիեւը իր երախտագիտությունն է հայտնել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին՝ Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում Մաքսային միություն Հայաստանի ընդգրկման կապակցությամբ Ադրբեջանի դիրքորոշման աջակցության համար:

Խոսքը Աստանայում Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի մայիսի 29-ին կայացած նիստի մասին է: Նազարբաեւը, դիմելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ասել է հետեւյալը. «Այստեղ տհաճ թեմա կա: Որպեսզի չվրդովվեցնենք Ադրբեջանի մի ընկերոջ (նախագահ Իլհամ Ալիեւին - խմբ) դուք ինչպես ԱՀԿ եք մտել, այնպես էլ պետք է Եվրասիական միություն մտնեք ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններով, այս վերապահումով (առանց Լեռնային Ղարաբաղի՝ խմբ.)»:

Նրանց համար, ովքեր ծանոթ են ռուսաց լեզվի նրբություններին, հայտարարությունը մեղմ ասած միանշանակ չէ: «Մի ընկեր» արտահայտությունը, առանց անունը նշելու, նուրբ եւ բավականին հեգնական ակնարկ է: Ենթադրում ենք, որ Ղազախստանի Հանրապետության նախագահը ոչ մի նմանատիպ բան նկատի չուներ, պատճառն այն է, որ ռուսերենը նրա համար այդուհանդերձ մայրենի լեզու չէ:

Մյուս կողմից, Ղազախստանի նախագահը՝ որպես ընդունող կողմ, հազիվ թե կարողանար արհամարհել Աստանայի ընկեր-պետության ղեկավարի նամակը:

Այդուհանդերձ, ակնհայտ են Ադրբաջանի շարունակական փորձերը՝ Ղազախստանին «իր խաղի» մեջ ներքաշելու առումով: Այսպես, մամուլում պարբերաբար հայտնվում են տարակշիռ ղազախ քաղաքագետների «հարցազրույցներ» այն մասին, որ Լեռնային Ղարաբաղում նոր զինված հակամարտության դեպքում Ղազախստանը չի աջակցի ՀԱՊԿ-ի գործողություններին: Աստանայի նման դիրքորոշումը, եթե պաշտոնապես հաստատվի, կարող է ՀԱՊԿ-ի փլուզման համար խթան լինել: