Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը մեղադրանքներ է ներկայացրել Սերժ Սարգսյանին, ոչ թե քննադատել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի՝ հունիսի 5-ին հրապարակած հոդվածին: 

«Ես նորմալ չեմ ընդունում նման բաները: Դրանք մեղադրանքներ են եղել, ոչ թե քննադատություն: Եթե քննադատություն է լինում, մենք առողջ ենք դրանց վերաբերվում: Սրանք պարզապես մեղադրանքներ եւ եզրակացություններ էին: Եթե այսպես եք ասել, ուրեմն այսպես է: Ամեն դեպքում պետք չէ մոռանալ, որ գլոբալ փոփոխությունների հիմքն ինքն է դրել»,- ասաց նա:

Վահրամ Բաղդասարյանը Լեւոն Տեր-Պետրոսյանի հոդվածը կարդացել է միայն նրա համար, որ առաջին նախագահն է գրել, սակայն դրանից առանձնապես չի ոգեւորվել, որովհետեւ վերջինս նախագահին ոչ հարիր բառեր է օգտագործել: Իսկ հոդվածից ՀՀԿ խմբակցության ղեկավարը հասկացել է, որ ցանկանում են պարզապես սրել իրավիճակը ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի միջեւ:

«Ասում է, թե փորձում ենք որպես ընդդիմադիր թեեւ օգտագործել Բարգավաճ Հայաստանին: Մենք նման մտադրություն չենք ունեցել եւ դրա կարիքն էլ չունենք:Իսկ իրավիճակն էլ ցանկանում են սրել, որովհետեւ քառյակի հիմքերը բավականին խախուտ են: Իրենք դրա մասին պետք է մտածեն, ոչ թե մեր հաշվին կայանալու»,- ավելացրեց նա:

Նշենք, որ այսօր iLur.am կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված է հրապարակել, որտեղ քննադատել է Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` կետ առ կետ գծելով «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»: