Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից այսօր՝ հունիսի 5-ին, արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում ստացած Բորիս Բենիկի Գասպարյանը տան միակ երեխան էր, ապրում էր մոր հետ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արարատի մարզի Արարատ գյուղի գյուղապետ Կարեն Ղազարյանը:

«Բորիսը մեր գյուղից էր, տան միակ երեխան, հայրը մահացել էր, ապրում էր մոր հետ: Մորն էլ դեռ չենք ասել, ասել ենք մենակ, որ վիրավորվել է Բորիսը, չգիտենք՝ ոնց ասենք, ահավոր է»,- ասաց գյուղապետը:

Նրա խոսքով՝ Բորիսը վաղը դիրքերից իջնելու էր:

Նշենք, որ Բորիսը 22 տարեկան էր:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում այսօր դիպուկահարի կրակոցներից զոհվել են երկու պայմանագրային զինծառայող: Նրանցից մեկը Անդրանիկ Եղոյանն է՝ 26 տարեկան: Նա Արարատ քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ փոքրիկ երեխա: Մյուսը Բորիս Գասպարյանն էր: