Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսությունից ստացված տեղեկատվության համաձայն, բնական աղետի հետեւանքով Վրաստան – Ռուսաստան ավտոմայրուղու Վերին Լարս անցակետի մոտ կուտակված ՀՀ քաղաքացիներին տարերքի սկսվելուց ի վեր տեղի հայ համայնքի ջանքերով մատակարարվել է սնունդ եւ դեղորայք:
Հայաստանի ԱԳՆ Ֆեյսբուքյան էջում տեղադրված տեղեկատվության մեջ նաեւ նշվում է. «Գլխավոր հյուպատոսության կողմից աջակցություն է ցուցաբերվել արտակարգ իրավիճակում հայտնված ՀՀ քաղաքացիների փաստաթղթային խնդիրների լուծման նպատակով:
Չնայած հայկական, ռուսական եւ վրացական իշխանությունների բազմաթիվ հորդորներին՝ զերծ մնալու Վերին Լարս -Կազբեկի հատվածով երթեւեկելուց` վերջին օրերին մի քանի մեքենա ժամանել են հիշյալ հատված եւ նորից հայտնվել խցանման մեջ:
Մասնավորապես Արմինե Աղագուլյանը (ով երեկ հրապարակավ պնդում էր, թե մի քանի օր է երեխայի հետ բնակվում է անտառներում) իր ամուսնու եւ 23-ամյա ամյա որդու հետ, ինչպես նաեւ Նաիրա Մխիթարյանը, Ղրիմից եւ Անապայից համապատասխանաբար, Վերին Լարս անցակետ են ժամանել ս.թ. հունիսի 2-ին, տեղավորվել են տեղի հայ համայնքի փոխնախագահ Վլադիմիր Մանասյանի ամառանոցում:
Հայտնում ենք նաեւ, որ գլխավոր հյուպատոսության կողմից երկու շաբաթ առաջ կազմակերպվել է «Անի» պարային համույթի ողջ անձնակազմի օդանավով տեղափոխումը Հայաստան:
Ծերերին, կանանց եւ երեխաներին առաջարկվել է ինքնաթիռով մեկնել Հայաստան` ոչ իրենց հաշվին, սակայն վերջիններս հրաժարվել են:
Հունիսի 6-ին դեպքի վայր է մեկնելու գլխավոր հյուպատոսության խորհրդականը»:





























