Հայաստանի ԱԳՆ-ից պետք է պարզաբանում պահանջել՝ կապված այն փաստի հետ, որ Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ իր համար Ադրբեջանը ռազմավարական գործընկեր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով Ռուսաստանի ԱԳՆ հայտարարությունն այն մասին, որ Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Կովկասում: Նա նաեւ հիշեցրել է, որ Հայաստանի ԱԳՆ-ն մինչ օրս հստակ պատասխան չի տվել Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի Աստանայում արած հայտարարության վերաբերյալ:

«Միաժամանակ, Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտարարել է, որ արտգործնախարարությունը չի մեկնաբանում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերությունները: Կարծում եմ, որ դե յուրե Ռուսաստանի ռազմավարական գործընկեր հայտարարված Հայաստանը պետք է պարզաբանումներ ստանա նման հայտարարությունների կապակցությամբ: Սակայն այս ենթատեքստում, Հայաստանի ԱԳՆ լռությունն անհասկանալի է»,- հայտարարել է Զոհրաբյանը:

Պատգամավորը նաեւ նշել է, որ իրեն զարմացնում է Հայաստանի ԱԳՆ լռությունն Աստանայում Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարության կապակցությամբ Ադրբեջանի դժգոհության վերաբերյալ, որը նույնիսկ չի հավակնում անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը: «Ադրբեջանի նախագահի նամակը բեսթսելլեր է դառնում, եւ, չգիտես ինչու, Նազարբաեւին հուզում է Իլհամ Ալիեւի նյարդային-հոգեկան վիճակը: Միաժամանակ, Եվրասիական տնտեսական միության կանոնակարգում չեմ գտել նախապայման Ալիեւի մտահոգությունների եւ հոգեկան վիճակի վերաբերյալ»,- ընդգծել է պատգամավորը:

Զոհրաբյանը նաեւ նշել է, որ մի քանի օր առաջ պաշտոնապես դիմել է Հայաստանի արտգործնախարարին եւ խորհրդարան է հրավիրել, որպեսզի խորհրդարանականները վերջապես պատասխան ստանան՝ մտադիր է արդյոք արտգործնախարարությունն իր դիրքորոշումը հայտնել Աստանայի իրադարձությունների վերաբերյալ: Սակայն մինչ այժմ Հայաստանի ԱԳՆ-ից պատասխան չի ստացել: