Հայ ադրբեջանական սահմանին իսկապես կա  լարվածություն. ես այդ մասին արդեն զրուցել եմ պաշտպանության նախարարի հետ եւ նա ներկայացրել է իրավիճակը: Այս մասին այսօր՝ հունիսի 5-ին, ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

«Տեղյակ եմ, որ այսօր հայ-ադրբեջանական սահմանին կրակոցներ են լսվել: Իրավիճակը վերահսկվում է: Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ այդ մասին, նա ներկայացրել է իրավիճակ ը ու ասել, որ իսկապես լարվածություն կա»,-ասաց նա:

Հարցին, թե ինչի՞ հետ է կապված այդ լարվածությունը եւ ինչու են ադրբեջանցիներն սկսել ավելի շատ կրակել, Աբրահամյանը պատասխանեց, որ պատճառների մասին խոսերը դեռ վաղ է: «Իրավիճակն ուսումնասիրվում է  եւ շուտով ՊՆ կողմից կլինի հատուկ եզրակացություն»,-նշեց վարչապետը:

Լրագրողների դիտարկմանը, թե այսօրվա իրավիճակի հետ կապված ՊՆ է հրավիրվել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը, Աբրահամյանն ընդգծեց. «Ես չգիտեմ ով ում է հրավիրել: Այլ հարցեր տվեք»: Այդ ասելով, նա փակեց սահմանային միջադեպի թեման:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արարատի մարզում այսօր դիպուկահարի կրակոցներից զոհվել են երկու պայմանագրային զինծառայող: Նրանցից մեկը Անդրանիկ Եղոյանն է՝ 26 տարեկան: Նա Արարատ քաղաքից էր, ամուսնացած էր, ուներ փոքրիկ երեխա: Մյուսը Բորիս Գասպարյանն էր՝ Արարատ գյուղից: