Հայ-ադրբեջանական սահմանին այսօր` հունիսի 5-ին, տեղի ունեցածը ցավալի է, նման վանդալիստական գործունեությունն անընդունելի է: Այս մասին այսօր` հունիսի 5-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
«Եղել է ցավալի դեպք, նման վանդալիստական գործունեությունն անընդունելի է: Ես կարծում եմ, որ այս քայլը եւս մեկ անգամ ցույց է տալիս Ադրբեջանի իրական դեմքը եւ դա ցույց է տալիս, որ մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի: Քանի դեռ մենք չունենք վերջնական խաղաղության պայմանագիր, սակայն գործնականում պատերազմի սկսում մշուշոտ է: Ամեն դեպքում մենք գործ ունենք մի պետության հետ, որտեղ հայատյացությունը քարոզվում է»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ հակառակորդի գնդակից մահացու վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Եղոյանն ու Բորիս Գասպարյանը:




























