Ռուսաստանն օգտագործում է Հայաստանին եւ այսպես կոչված, «եվրասիական դրաման» միայն նրա համար, որպեսզի Ադրբեջանի հետ լուծի իր հարցերը, միաժամանակ նվաստացնելով Հայաստանին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ տեղեկանքում տեղ գտած այն ձեւակերպմանը, որ «Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է Կովկասում»:

Նրա խոսքով՝ ցավոք, դրան ուշադրություն են դարձրել միայն վերջին օրերի ընթացքում, սակայն իրականում խաղը շատ ավելի վաղ է սկսվել եւ դա արդեն մեկ ամիս առաջ ակնհայտ էր: «Ռուսաստանը փորձում է Արեւմուտքից խլել Ադրբեջանին: Իհարկե, ավելի բարդ կլինի, քան Հայաստանի դեպքում: Մի կողմից Ռուսաստանի նախագահը թույլ է տալիս բարձրացնել Լեռնային Ղարաբաղի սահմանների հարցը, մյուս կողմից Ռուսաստանը լուրջ քանակությամբ ռազմական տեխնիկա է վաճառում Ադրբեջանին, նրան հրավիրում է Եվրասիական միություն: Այսօր արդեն ակնհայտ է, որ Մոսկվան կարող է Բաքվին համարել ռազմավարական գործընկեր»,- ընդգծել է Ստեփան Սաֆարյանը:

Նա նշել է, որ ռուս-ադրբեջանական համաձայնության գոյության մասին նշել է Ադրբեջանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը. Այդ համաձայնությունը ձեռք է բերվել անցյալ աշնանը, նախքան Ադրբեջանում նախագահական ընտրությունները՝ Վլադիմիր Պուտինի Բաքու այցի շրջանակներում:

«Ադրբեջանի արտաքին քաղաքականությունն ակնհայտ կերպով ձեւափոխությունների է ենթարկվում: Ադրբեջանի Միլի Մեջլիսի պատվիրակությունը Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդւպման ընթացքում նույնիսկ պաշտպանեց Ռուսաստանի քաղաքականությունն Ուկրաինայում: Այսինքն շատ փաստեր վկայում են այն մասին, որ Ադրբեջանում լուրջ փոփոխություններ են տեղի ունենում, եւ դրանց ետեւում մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանն է կանգնած»,- նշել է Սաֆարյանը: Նրա համոզմամբ՝ այս տեսակետից Հայաստանի համար, իհարկե, մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել: «Սա սովորական չէ ոչ թե նրա համար, որ Ռուսաստանը չի կարող ռազմավարական այլ դաշնակիցներ ունենալ, այլ նրա համար, որ Ռուսաստանն, ըստ էության, ստիպում է մեզ չհամագործակցել իր թշնամիների հետ, մենք դա ընդունում ենք, սակայն ինքը չի հրաժավում մեր թշնամիների հետ համագործակցությունից»,- եզրափակել է «Ժառանգություն» կուսակցության գլխավոր քարտուղարը: