Հայաստանի համար ռուս-ադրբեջանական համագործակցությունը նորություն չէ, Հայաստանը նորմալ է վերաբերում դրան, եթե, իհարկե, այդ հարաբերությունները նոր, դրական տեղաշարժեր բերեն տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը՝ մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի Ադրբեջան կատարած այցի մասին տեղեկանքում ձեւակերպումն այն մասին, որ «Ադրբեջանն Անդրկովկասում Ռուսասռանի Դաշնության ռազմավարական գործընկերն է»:

Պատգամավորն ընդգծել է, որ Հայաստանի՝ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակի փոփոխության մասին, իհարկե, խոսք լինել չի կարող: Նրա խոսքով՝ նկատվում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների կարգավորում, սակայն պետք չէ դիտարկել դա որպես անակնկալ, քանի որ երկու երկրների միջեւ փոխադարձ հետաքրքրություն միշտ եղել է: «Բնականաբար, թե որքան ռազմավարական են Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունները, պարզ կդառնա նրանց գործողություններից: Սակայն հայ-ռուսական հարաբերություններն ու համագործակցությունը դրանից չեն տուժի, ընդհակառակը, Հայաստանի դերը Հարավային Կովկասում շարունակում է կարեւոր գործոն լինել, եւ Հայաստանի հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ըստ էության, այսօր հանդիսանում է տարածաշրջանում կայունության, խաղաղության եւ անվտանգության միակ երաշխավոր»,- նշել է Արտակ Զաքարյանը: Նա ընդգծել է, որ Ադրբեջանը մշտապես սպառնում է տարածաշրջանային անվտանգությանը՝ կարծիք հայտնելով, որ Մոսկվայում շատ լավ գիտեն այս մասին: