Հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, հունիսի 5-ին տեղի ունեցած միջադեպից հետո հայկական կողմը պետք է համարժեք հարված տա, հակառակ դեպքում ադրբեջանական կողմը կշարունակի նմանատիպ սադրանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը:
«Առաջին անգամ է, որ կրակում են հենց այդ սահմանից: Եթե մենք համապատասխան կերպով չարձագանքենք այդ սադրանքին, ապա նրանք նույն ոգով կշարունակեն: Բացի նրանից, որ մեր պաշտպանության նախարարությունն իր զորակցությունն է հայտնում զոհվածերի ընտանիքներին, պետք է համարժեք հարված հասցնի հակառակորդին: Միայն այս կերպ նրանց դեմը կարող ենք առնել: Մարդկային լեզուն այստեղ չի օգնի»,- ասաց նա:
Կոմանդոսը համոզված է, որ հակառակորդ կողմը պատերազմին պատրաստ չէ, նրանց ցանկությունն է միայն քարոզել պատերազմ, թե չէ իրենց ժողովուրդը պատերազմ չի ուզում. «Ադրբեջանում ներքին բազմաթիվ խնդիրներ կան, իսկ ժողովուրդը չի ցանկանում կռվել, դա նշանակում է, որ ղեկավարությունը պարտադրել չի կարող, որովհետեւ նույն ղեկավարությունը հիմնվում է ժողովրդի վրա»:
Հարցին, թե արդյոք հակառակորդ կողմի այս հարձակումները կարող են վտանգ ներկայացնել մեզ համար՝ Արցախյան հերոսամարտի հերոսն ընդգծեց. «Ամբողջ միջազգային հանրությունն է ընդունում, որ մենք ունենք ավելի լավ պատրաստված բանակ, ինչն էլ նշանակում է, որ ադրբեջանցիների այս պրովակացիաները մեզ վրա ազդել չեն կարող»:
Նշենք, որ հունիսի 5-ին հնչած կրակոցներից մահացու վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: Նրանք երկուսն էլ Արարատի մարզից էին:





























