Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ այս պահին կարող են խրախուսվել Ռուսաստանի կողմից: Հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի սահմանին, հնչած կրակոցների եւ հայկական կողմից զոհված պայմանագրային զինծառայողների դեպքի մասին NEWS.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության անդամ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը:
«Երեք բան կա, որոնց վրա պետք է ուշադրություն դարձնել: Նախ Ադրբեջանը շատ լավ գիտի, որ իր ոտնձգությունները Հայաստանի նկատմամբ այս պահին կարող են խրախուսվել Ռուսաստանի կողմից: Թվում է, թե մենք Եվրասիական տնտեսական միությանն ենք շուտով անդամակցելու, սակայն Աստանայի համաժողովից հետո իրավիճակը փոխվել է: Ադրբեջանը գիտի, որ Հայաստանի վրա կարող է որոշակի ճնշումներ գործադրել, որին Ռուսաստանը դեմ չէ: Երկրորդ՝ Ադրբեջանը փորձում է նման քայլերով ԵԱՀԿ Մինսկի խմբի դեմ գործել: Ամերիկյան համանախագահը փորձում էր ակտիվացնել Մինսկի խմբին եւ թույլ չտալ, որ այդ խմբի վերահսկողությունից զարգացումները դուրս գան, Ադրբեջանն ու Ռուսաստանը դրա անշահագրգիռ կողմերից են, եւ այստեղ էլ նրանց շահերը համընկնում են: Եվ վերջում Թուրքիայի ազդեցությունն էլ կա»,- ասաց նա:
Բացի վերնը նշված կետերից՝ վերլուծաբանը կարծում է, որ Ադրբեջանն իր այս քայլերով ակնարկում է, որ չի բացառում ռազմական եղանակաով ստատուս քվոն փոխելու հավանականությունը: Իսկ ստեղծված իրավիճակում չհայտնվելու համար Հայաստանը պետք է քայլեր ձեռնարկեր դեռ տարիներ առաջ. «Ժամանակին պետք է դադարեցնեինք սպառազինության մրցավազքը, բայց մենք հրճվանք էինք ապրում, թող Ադրբեջանը գոնկայի մտնի Ռուսաստանի հետ: Սպառազինությունների մասին կոնվենցիայի խախտումներն այնքան վաղուց են եղել, որ այժմ խոսելը ավելորդ է: Մենք պետք է միջազգային կառույցներում այդ հարցը բարձրացնեինք, պետք է ավելի հետեւողական լինեինք միջադեպերի հետաքննության հարցում: Բայց Հայաստանը շատ վատ է աշխատում. մեր դիվանագիտությունը՝ եւ խորհրդարանական, եւ գործադիր մակարդակով, համապատասխան արձագանք չի հնչեցնում: Խնդիրներ կան, որոնց նկատմամբ վերահսկողությունը չպետք է պակասի, Ադրբեջանին պետք է անընդհատ լարված պահենք միջազգային ատյաններում»:
Նշենք, որ միջադեպի հետեւանքով զոհվել էին երկու պայմանագրային զինծառայողներ՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը:





























