Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի կանխատեսումներին եթե հավատանք, Ղարաբաղը շուտ էինք տվել, իսկ Մաքսային միությունը մտնելն անդառնալի է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության անդամ, վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով առաջին նախագահի հունիսի 5-ին հրապարակած հոդվածին:
«Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատալու լինեինք, Ղարաբաղը հիմա մեզնից շուտ էին խլել: Նա դա ասում էր 1997 թվականին, նա դա ասում էր 2008 թվականի հետո: Եթե Լեւոն Տեր-Պետրոսյանին հավատանք, Մաքսային միությունը մտել ենք, դա անդառնալի է: Ես ճիշտն ասած արժանահավատություն չեմ ուզում հաղորդել իր ելույթներին»,- ասաց նա:
Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ եւ առաջին, եւ երկրորդ նախագահների պահվածքը «տհաճ» է, քանի որ նրանք ոչինչ չեն ձեռնարկում, պարզապես չափազանց կոշտ դիտարկումներ են անում. «Ես ուղղակի կարծում եմ, որ եթե առաջին եւ երկրորդ նախագահների համոզմամբ՝ սա օրհասական պահ է, եւ Հայաստանի կործանման պահն է, ապա ներեցեք, նրանց դիտարկումներից դա չի երեւում: Մեկը մարզվում է Ռուսաստանում, իսկ մյուսն էլ Հայաստանի կործանման մասին հերթական հոդվածն է տպագրում: Արտաքին քաղաքականության մեջ կատարվող իրադարձություններին արձագանքեցին հետին թվով, չափազանց կոշտ, սակայն ոչինչ չձեռնարկելով: Ուղղակի տհաճ է»:
Նշենք, որ ilur.am կայքում Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ քննադատել էր Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը` կետ առ կետ գծելով «Հայաստանի կործանման Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը»:





























