Քաբուլի արեւմտյան շրջաններից մեկում` «Արիանա» հյունարոցի հարեւանությամբ, Աֆղանստանի նախագահի պաշտոնին հավակնող թեկնածու Աբդուլլա Աբդուլլայի նախաձեռնությամբ կազմակերպված հանրահավաքի ընթացքում երկու հզոր պայթյուն է հնչել: Տեղեկությունը TOLOnews գործակալությունն է հայտնել:
Պայթուցիկ սարքերը միջոցառման ավարտից անմիջապես անց են գործի դրվել: Ահաբեկչական գործողությունը մի քանի մարդու կյանք է խլել: Վիրավորների թվի մասին հստակ տեղեկություններ եւս չեն հաղորդվում: Ռոյթերս գործակալության տվյալներով, վիրավորվել է Աբդուլլա Աբդուլլայի թիկնապահը: ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ինքը` թեկնածուն չի տուժել:
Աֆղանստանի նախագահական ընտրությունների երկրորդ փուլը հունիսի 14-ին է կայանալու: Երկրի առաջնորդի պաշտոնի համար պայքարի են պատրաստվում ԱԳ նախկին նախարար Աբդուլլա Աբդուլլան եւ ֆինանսների նախկին նախարար Աշրաֆ Հանի Ահմաձայը: Ներկայումս երկու թեկնածուները, օրական երկրի մեկ-երկու նահանգ այցելելով, ակտիվ նախընտրական քարոզարշավ են վարում:





























