Ադրբեջանի համար սովորություն է դարձել միջպետական սահմանի կոպիտ խախտումը, իսկ Հայաստանի կողմից՝ համարժեք գնահատական եւ ընթացքը չտալը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի սահմանին, հնչած կրակոցներին եւ հայկական կողմից զոհված պայմանագրային զինծառայողների դեպքին:

«Այն ինչ այսօր այսպես ալեկոծում է հայ հասարակությանը, տեղի է ունենում տարիներ շարունակ, այն է Հայաստան-Ադրբեջան սահմանի կոպիտ խախտումը Ադրբեջանի կողմից: Միջպետական սահմանն է կոպտորեն ոտնահարվում, իսկ դա արվում է արեւմուտքի եւ Ռուսաստանի թողտվությամբ»,- ասաց նա:

Առաջին օմբուդսմենի խոսքով՝ կատարվում է պետական ահաբեկչություն, որի մասին պետք է Հայաստանը կարողանա խոսել՝ ոչ թե իր հրավիրելով Անջեյ Կասպրշիկին, կամ անատամ ու անհասցե հայտարարությույններ անելով, այլ պետք է պատասխանատվության հրավիրի Ադրբեջանին:

«Բազմաթիվ անգամ եմ ասել, որ Ադրբեջանի համար Արցախի հարց չկա: Ադրբեջանն իր այս գործողություններով ցանկանում է լուծել իր եւ Թուրքիայի խնդիրը՝ հայաթափել այս տարածքը կամ հպատակեցնել ժողովրդին: Ադրբեջանը սանձարձակ քայլերով փորձում է ապացուցել իր նկրտումները իրեն չպատկանող տարածքներում: Նա այս տարածաշրջանը դիտարկում է որպես իրեն պատկանող տարածք»:

Նշենք, որ Արարատում տեղի ունեցած միջադեպի հետեւանքով զոհվել են երկու պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանն ու 22-ամյա Բորիս Գասպարյանը: