«Դեմ եմ» քաղաքացիական նախաձեռնությունը հունիսի 11-ին ժամը 19:00-ին նորից հավաքվելու է Մատենադարանի մոտ՝ սատարելու այն ճնշված քաղաքացիներին, ում թույլ չեն տալիս կուտակայինի վերաբերյալ դիմումներ գրել: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, լրագրողների հետ զրույցում ասաց նախաձեռնության անդամ Դավիթ Մանուկյանը:

«Վերջերս շատ է խոսվում, թե ինչու մենք ակցիաներ չենք անում, ինչու մենք լռեցինք: Մենք չենք լռել, մենք շարունակում ենք մեր պայքարը: Հունիսի 11-ին ժամը 19:00-ին հավաքվելու ենք Մատենադարանի մոտ, որտեղից էլ հնարավոր է՝ երթ կլինի: Դեռ չեմ ցանկանում փակագծերը բացել: Իսկ ակցիայի նպատակն է կանգնել այն քաղաքացիների կողքին, ում ճնշում են, բացի դրանից կարող ենք համոզել նրանց, որ խոսեն, բարձրաձայնեն իրենց նկատմամբ կատարվող ճնշումների մասին»,- ասաց նա:

Առաջիկայում «Դեմ եմ» շարժումը սկսելու է նորից համագործակցել խորհրդարանական չորս ոչ իշխանական ուժերի հետ: Դավիթ Մանուկյանի խոսքով՝ իրենք պատրաստվում են դիմել ոչ իշխանական ուժերին, որպեսզի արտահերթ նիստ հրավիրեն եւ առաջարկեն ընդունել այնպիսի օրենք, որը ոչ մի կապ չի ունենա միջանկյալ օրենքի հետ:

«Պետք չէ մոռանալ նաեւ, որ մենք պաշտպանում ենք հենց այն հանրապետական խմբակցության պատգամավորներին, ովքեր կողմ քվեարկեցին այդ վիճահարույց օրենքին: Մենք իրենց շահերն էլ ենք պաշտպանում, ավելորդ գումար չեն վճարում»,- եզրափակեց Դավիթը:

Նշենք, որ կուտակայինի մասին նոր օրինագծով, որն ուժի մեջ է մինչեւ սեպտեմբերի 30-ը, այն քաղաքացիները, ովքեր չեն ցանկանում մասնակցել համակարգին, պետք է դիմումներ ներկայացնեն իրենց գործատուներին՝ պահումներ չանելու պահանջով: