Անաստաս Միկոյանը մի մարդ է, որը աշխարհի մեծերի կողմից ճանաչվել էր որպես ողջ Խորհրդային Միության քաղաքական եւ տնտեսական կյանքում ամենաէական դեր ունեցած մարդ: Այս մասին հունիսի 6-ին Հայաստանի Կոմկուսի ժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը:
Նրա խոսքով՝ կոմունիստների համար անհասկանալի է՝ ինչու է Անաստաս Միկոյանի արձանի տեղադրումը շահարկումների թեմա դարձել: «Ակնհայտաբար, պատճառն այն է, որ բնակչության մեծ մասը գործազուրկ է, զբաղմունք չունի: Ասում են՝ իբր Միկոյանի մատը խառն է եղել բազմաթիվ հայերի աքսորելու գործում: Բայց ցանկանում եմ ընդգծել, որ այդպիսի ոչ մի փաստաթղթի ներքո չկա Միկոյանի ստորագրությունը», - ընդգծել է Տաճատ Սարգսյանը: Խորհրդային շրջանում, հավելել է նա, Հայաստանը մի միության կազմում էր, որի առջեւ դրված էին ընդհանուր նպատակներ եւ առաջադրանքներ, ուստի հայ լինելով՝ Միկոյանը հատուկ վերաբերմունք չի ցուցաբերել այս կամ այն հանրապետության հանդեպ: Քանի որ ԽՍՀՄ-ն ընդհանուր քաղաքականություն ուներ, ըստ Տաճատ Սարգսյանի, Միկոյանը պետք է ենթարկվեր այդ քաղաքականությանը:





























