Սիրիայում զինված դիմադրությունը սպառնում է  Հայաստանի անվտանգությանը: Ձգձգվող հակամարտության մասին այսպիսի կարծիք է հայտնել «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն Գագիկ Հարությունյանը հունիսի 6-ի մամուլի ասուլիսի ընթացքում:

Հարությունյանի խոսքով՝ սիրիական ճգնաժամի մեջ ուղղակի մասնակցություն ունեն ադրբեջանական վարձկաններն ու թուրքական ստորաբաժանումները: «Մենք պետք է ուշադրությամբ հետեւենք մեր ոչ բարեկամական պետությունների գործողություններին», - նկատել է Հարությունյանը: Բացի այդ, փորձագետի կարծիքով, Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում տեղի ունեցող գործընթացները կասկածի տակ են դնում հայկական համայնքի գոյությունը, որը ձեւավորվել է նաեւ 1915թ Ցեղասպանությունից մազապուրծ հայերի շնորհիվ:

«Այս հայերը Արեւմտյան Հայաստանի քաղաքակրթական արժեքների կրողներն են: Այսպիսով, այսօր մեր ժողովուրդը ոչ միայն ֆիզիկական կորուստներ է կրում, ինչը Անկարայի կողմից Ցեղասպանության քաղաքականության շարունակությունն է, այլ նաեւ զրկվում է պատմամշակութային հիշողությունից», - եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ մարտի 21-ին «Ջեբաթ-ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման խոշոր ուժերը թուրքական հրետանու եւ ավիացիայի աջակցությամբ Թուրքիայի տարածքից ներխուժել են առավելապես հայերով բնակեցված Քեսաբ քաղաք: Միաժամանակ, Հալեպ քաղաքաի հայաբնակ շրջանները բազմաթիվ անգամներ ռմբակոծությունների են ենթարկվել, որոնք հատկապես վերջին օրերին ավելի են ուժեղացել: