Լոս Անջելեսի Վալի Վիլիջ թաղամասում հայը վարձակալած մեքենայով վրաերթի է ենթարկել երեք դեռահաս աղջկա: «ABC» կայքը փոխանցում է, որ 48-ամյա վարորդ Վարդան Վարդանյանը հայտարարել է, որ խափանվել են մեքենայի արգելակները, այդ պատճառով էլ ինքը կարմիր լույսի տակով անցել է, հարվածել զոհերին եւ բախվել «Nissan Sentra» մակնիշի մեքենային:
Պատահարի հետեւանքով աշակերտուհիներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է: Մյուս երկու աշակերտուհիները մարմնական վնասվածքներ են ստացել: «Դժվար է քննության նախնական այս փուլում ասել՝ արդյոք դա Վարդանյանի կողմից հանցավոր անփութություն է եղել: Այնպես էր մենք առաջին հերթին պետք է բացառենք մեխանիկական թերությունը»,– ասել է ոստիկանության աշխատակից Լիլանդ Թանը:
Ըստ նրա՝ աշակերտուհիները իրենց ուսուցչի հետ վերադառնում էին դպրոցից, երբ տեղի է ունեցել վրաերթը: Որոշ մարդիկ պատմել են, որ իրենց համար դա անսպասելի չէր, քանի որ այդ խաչմերուկը ծանրաբեռնված է եւ վտանգավոր: Դեպքից հետո խաչմերուկում փողոցային երթեւեկության կարգավորիչ է տեղադրվել:





























