«Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ցնդաբանությունների համար»,- այսպես է արձագանքել Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանը` նախօրեին ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրապարակած հոդվածին:

Ի պատասխան Panorama.am-ի հարցին, թե արդյոք ծանոթացե՞լ է Տեր-Պետրոսյանի հոդվածին եւ ինչպե՞ս կմեկնաբանի այն, Հովիկ Աբրահամյանը, մասնավորապես, ասաց.  «Այո, ինձ զեկուցել են այդ մասին: Մաղձ, նենգություն, մաղձ ու կրկին մաղձ: Մարդիկ իրենց կյանքում մեծությունների, սիմվոլների կարիք ունեն, միթե՞ կարելի է այդքան իջեցնել պաշտոնաթող նախագահի ինստիտուտը:

Տարիներ առաջ նա իջել է Հայաստանի նախկին նախագահի պատվանդանից եւ առայսօր չի կարողանում բարձրանալ այդտեղ: Ինչ-որ մի երկուսի կողմից գրված եւ միայն նույն երկուսի կողմից ընթերցված գրվածքների վրա հղումներ անելով բազմաթիվ ստեր շարադրել, որպեսզի վերջում կառավարությանը պիտակավորել թալանի մեղադրանքներով:

Ժողովուրդը նման դեպքերում ասում է` աղվեսն իր պոչն է վկա բերում: Թալանի նախահայրը ամենուր թալան է փնտրում, որ սեփական մանր շահերը առաջ տանի: Ամոթ է: Չի ստացվելու: Մեր գործունեությամբ ավելի քիչ տարածք ենք թողնելու նման ծնդաբանությունների համար: Այսքանը»,- նշել է Աբրահամյանը: