Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Արտյոմ Կարապետյանի՝ («Շեկո») սպանության մեջ մեղադրվող՝ Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդու՝ Վահե Ղուկասյանի գործով դատական հերթական նիստին այսօր՝  հունիս 6-ին,  ՀՀ ոստիկանության դատաքրեափորձագետների ներկայությամբ զննվեցին դեպքի վայրից առգրավված իրեղեն ապացույցները՝ Արտյոմ Կարապետյանի կողմից օգտագործված «Մակարով» տեսակի ատրճանակը, պահունակը, կրակված պարկուճներն ու տուժող Հարություն Խաչատրյանի մարմնից հանված գնդակը։

Դատարանն այս նիստին որպես գործով վկա լսեց դատաձգաբանական չորս փորձագետի, ովքեր անձամբ էին դեպքի վայրից առգրավված առարկաները զննել ու տվել համապատասխան եզրակացություններ: Դատաբժշկական փորձագետ Արգամ Հովսեփյանը պատասխանելով ամբաստանյալի շահերի պաշտպան Հայկ Ալումյանի հարցերին, շուրջ 30 րոպե մասնագիտական նկարագրություն էր տալիս  Հարություն Խաչատրյանի («Քավոր Հարութ») ունեցած հրազենային վնասվածքի ու արձակված գնդակի մասին, Վահե Ղուկասյանի ամբաստանյալի նյարդերը տեղի տվեցին, նա տեղից  երկու անգամ  ընդհատեց մասնագետի խոսքը. «Տո հեքիաթ կպատմես, հոգնացրիր էլի»:

Դատավոր Աշոտ Մանուկյանըդիտողություն արեց ամբաստանյալին՝ այլեւս տեղից չմիջամտել ու առանց դատարանի թույլտվության արտահայտություններ չանել:

Պետմեղադրող Արմեն Շիրոյանն իրեղեն ապացույցների զննությունից հետո միջնորդեց հաջորդ նիստին զննության ենթարկել Վահե Ղուկասյանի ավտոմեքենայից առգրավված զենքերը, պաշտպանյալ Հայկ Ալումյանն էլ միջորդեց կրկին դատարան հրավել տուժող Հարություն Խաչատրյանին ու որպես վկա հարցաքննել Վահե Ղուկասյանի ծանոթ Շավարշ Գյունաշյանին, որի հետ Վահեն դեպքի օրը միջադեպից առաջ հանդիպել  է: 

Միջնորդությունները բավարարվեցին՝ հաջորդ նիստը նշանակվեց հունիսի 11-ին:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել 2013թ. ապրիլի 23-ին։ Գյումրիի Շիրակացի 54բ շենքի մոտից հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել «Քավոր Հարութը» եւ «Շեկոն», վերջինը հիվանդանոցում մահացել էր: Ապրիլի 24-ին ոստիկանության Գյումրիի բաժնում Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եղբորորդին՝ 24-ամյա Վահե Ղուկասյանը, խոստովանել էր, որ նշված հանցագործությունը կատարել է ինքը: Վահե Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին եւ 6-րդ կետերով, 104 հոդվածի 1-ին մասով եւ 235 հոդվածի 1-ին մասով: Վահե Ղուկասյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը եւ պնդում է, որ ինքնապաշտպանվել է, եւ առաջինը իր վրա են կրակել:

Նշենք, որ «Քավոր Հարութը» եւ «Շեկոն» նախկինում խնդիրներ են ունեցել Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատների հետ: Վահե Ղուկասյանի եւ «Քավոր Հարութի» միջեւ հակամարտության պատմությունը գալիս է դեռեւս 2013-ից, երբ «Քավոր Հարութի» այն ժամանակ դեռ անչափահաս որդին՝ Գեւորգ Խաչատրյանը, Սլաբոտկա թաղամասում վիճաբանելով Վարդան Ղուկասյանի եղբոր ՝Գեւորգ Ղուկասյանի հետ, հարվածել էր վերիջինին՝ հասցնելով մարմնական վնասվածք: Այս դեպքից հետո հակամարտող ընտանիքների երիտասարդները հաշտության եզրեր չգտան, մինչեւ տեղի ունեցավ ողբերգություն։