Քննիչը ունեցել է Վարդան Պետրոսյանի քրոջ հեռախոսահամարը, սակայն արձանագրության մեջ սխալ հեռախոսահամար է նշել՝ ասելով, թե զանգահարել է նրան, նա էլ թույլ չի տվել իրենց տուն գնալ: Այս մասին այսօր՝ հունիսի 6-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը՝ անդրադառնալով իր ձերբակալության վերաբերյալ քննիչի կազմած արձանագրությանը։
«Քննիչն ապշեցուցիչ սխալ է թույլ տվել. զանգահարել է քրոջս բոլորովին այլ հեռախոսահամարով: Այդ ժամանակ արդեն իսկ հարցաքննության մասնակցած Աշխեն Պետրոսյանի հեռախոսահամարը գրված էր քննիչի մոտ: Ունենալով համարը՝ զանգահարում է այլ համարով: Հետո փնտրելով ինձ Սարալանջ գյուղում եւ Երվանդ Քոչար 19/74 հասցեում, չգտնելով ինձ այնտեղ, հրաշալի իմանալով նախապես, որ ես ապրում եմ Կասյան 3 հասցեում, առավոտ շուտ ինձ մոտ է ուղարկում ձերբակալող խումբը: Ինձ զարմացնում է քննիչի մտքի խոյանքը»,-դատական նիստի ժամանակ ասաց Վարդան Պետրոսյանը:
Նրա պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ իրականում իրենք քննիչի հետ այդ ընթացքում անըդնհատ կապի մեջ են եղել և նրան տեղյակ են պահել Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրի մասին: Պաշտպանը նշեց, որ քննիչը ձերբակալման որոշման մեջ ասել է, թե Վարդան Պետրոսյանի գտնվելու վայրն անհայտ է, միևնույն ժամանակ, որոշման մեջ գրելով, թե որտեղ է ապրում Վարդան Պետրոսյանը:
«Ամսի 4-ին Վարդան Պետրոսյանին հրավիրում են որպես վկա ամսի 7-ին հարցաքննվելու, ամսի 5-ին որոշում են կայացնում Վարդան Պետրոսյանին ձերբակալելու մասին, ամսի 6-ին ծանուցագիր են հանձնում, որ հաջորդ օրը գա, որպես վկա ցուցմունք տա, ամսի 6-ին՝ ձերբակալում: Քննիչը մատնանշել է, թե Վարդան Պետրոսյանի գտվելու վայրն անհայտ է: Մի գործ ցույց տվեք, որ նման հիմնավորմամբ մարդուն ձերբակալում են»,-ասաց փաստաբանը:
Անդրադառնալով վթարի հետևանքով վնասվածքներ ստացած Էմմա Հակոբյանին՝ փաստաբանը նշեց, որ աղջիկը չէր կարող մյուս երեք մարդկանց հետ վթարի ժամանակ նստած լինել «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասում և միայն քթի վնասվածք ստանալ:
«Տուժողները մահացել են ողնաշարի ու տազի կոտրվածք ստանալուց, իսկ նա քթի վնասվածք է միայն ստացել: Այսինքն՝ նա նստած է եղել դիմացի երկու նստատեղերի արանքում։Այդ հանգամանքը չեն բացահայտում, քանի որ դա խոչընդոտել է վարորդի հետև նայելուն»,-նշեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին, ժամը 22:10–ի սահմաններում, Կոտայքի մարզի Սարալանջ գյուղի կողմից դեպի Երեւան ուղղությամբ վարելիս «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով բախվել է կայանած «Վազ 21214» մակնիշի մեքենայի հետնամասին։ Վթարի հետեւանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղեւորներ էդվարդ եւ էդգար Հակոբյանները մահացել են, ուղեւորներ Տաթեւիկ Հակոբյանը, Հայկ Հակոբյանը, էմմա Հակոբյանը, ինչպես նաեւ վարորդ Արթուր Հակոբյանն ստացել են վնասվածքներ: Վարդան Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով՝ «Ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի մարդու մահ», նա կալանավորված է: Դատական քննությունն սկսվել է մարտի 12-ին:





























