Հունիսի 6-ին Մ. Հերացու անվան բժշկական համալսարանում հանդիսավորությամբ նշվել է ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձը:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը, առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, նորաստեղծ «Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի», համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, պաշտպանության եւ առողջապահության ոլորտի մի շարք այլ ներկայացուցիչներ:

Երեւանի պետական բժշկական համալսարանի` 1994 թվականին կազմավորված ռազմաբժշկական ֆակուլտետը տարիների հոլովույթում հաջողությամբ է կատարել իր առջեւ դրված խնդիրը, այն է` զինված ուժերի համար պատրաստել գիտակ ու հմուտ ռազմական բժիշկներ:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իր ելույթում եւս մեկ անգամ արժեւորեց բուժծառայողների դերն ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ խաղաղ պայմաններում:

Ռազմական բժիշկների աշխատանքը կրկնակի պատասխանատու է, քանի որ նրանց վիճակված է բուժօգնություն ցույց տալ հայոց բանակի զինվորին, բարձր պահել նրա մարտական վիճակը:

Դիմելով ռազմաբժշկական ֆակուլտետի սաներին, Սեյրան Օհանյանը հորդորեց, որ նրանք արդյունավետ օգտագործեն ուսման տարիների ընձեռած հնարավորությունները, յուրացնեն այն ամենը, ինչ անհրաժեշտ է լինելու գործունեության հետագա տարիներին:

Ռազմաբժշկական ֆակուլտետի կազմավորման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ոլորտի մի խումբ ներկայացուցիչների պաշտպանական գերատեսչության ղեկավարը պարգեւատրել է գերատեսչական մեդալներով, պատվոգրերով եւ արժեքավոր նվերներով: