«Վերնիսաժում» մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով կալանավորված Գոռ Առաքելյանը դեռ ցուցմունք չի տվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մեղադրյալի փաստաբան Երեմ Սարգսյանը:
«Գոռ Առաքելյանը երկու բառով նշել է, որ ի վիճակի չէ ցուցմունք տալ: Դեռ չեմ կարող ասել, թե հետագայում ցուցմունք կտա, թե ոչ: Ամեն դեպքում՝ որպես մեղադրյալ, ինքն իրավունք ունի ցուցմունք չտալու»,- ասաց նա:
Գոռին փաստաբանը հանդիպել է երկու օր առաջ: Նրա խոսքով՝ իր պաշտպանյալը ֆիզիկական առումով ավելի լավ է, իսկ հոգեբանական վիճակը նույնն է. «Իր անձով նա չի համապատասխանում այդ իրադրությանը»:
Նշենք, որ այս գործով հունիսի 6-ին ձերբակալվել է նաեւ վիրավորներից Ներսես Մելքոնյանը: Թե ինչքանով այս ձերբակալությունը կարող է օգնել Գոռ Առաքելյանի մեղադրանքը մեղմելուն, փաստաբանը չի շտապում եզրակացություններ անել:
«Մեր նպատակն է, որ օբյեկտիվորեն օժանդակենք քննությանը, եւ նախաքննությունը մոտենա ավարտին, որպեսզի հերքվի Գոռին առաջադրված մեղադրանքը, իսկ դա միանշանակ հերքվելու է»,- ավելացրեց նա:
Մեր հարցին՝ արդյոք Գոռ Առաքելյանի եւ Ներսես Մելքոնյանի միջեւ առերեսում եղել է, փաստաբանը պատասխանեց. «Առերեսում չի եղել, պարտադիր էլ չի, որ լինի: Առերեսում կլինի միայն այն ժամանակ, երբ ցուցմունքներում էական տարբերություններ կլինեն»:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։





























