Հայաստանի 59 համայնքներում, այդ թվում Գորիսում եւ Ջերմուկում, վաղը՝ հունիսի 8-ին, տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Երեկ ավարտվեց նախընտրական քարոզարշավը, իսկ այսօր լռության օր է:

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու, իսկ ավագանու անդամի համար՝ 188 թեկնածու:

Չնայած 59 համայնքներում ընտրություններ են լինելու, համեմատաբար թեժ ընտրապայքար սպասվում է Գորիսում: Այստեղ առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանն ու Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը եւ Արա Բուդաղյանը: Ավելի ուշ՝ մայիսի 20-ին, թեկնածուներից երկուսը՝ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ ներկայացրին: