Երեւանի Տերյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում հունիսի 6-ին երեկոյան տեղի է ունեցել ծեծկռտուք, կան վիրավորներ:

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից, հունիսի 6-ին, ժամը 23.50-ին, Տերյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկից, մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով, բերման են ենթարկվել 1992 թ. ծնված Վահե Մ.-ին եւ 1991 թ. ծնված Յուրա Մ.-ին: Մինչ այդ Վահե Մ.-ն` փայտե մահակը ձեռքին, Յուրա Մ.-ի հետ հետապնդել էին 1979 թ. ծնված Արթուր Ա.-ին եւ նրան սեռական բնույթի հայհոյանքներ տվել:

Հունիսի 7-ին, ժամը 00.40-ին, «Մալաթիա» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է ստացվել, որ անրակային շրջանի կտրած-ծակած վերքով իրենց մոտ բուժօգնության է դիմել 1988 թ. ծնված Արսեն Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքն ստացել է Տերյան եւ Կորյուն փողոցների խաչմերուկում, իսկ Ժամը 00.50-ին թիվ 1-ին համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ գլխի սալջարդ վերքով եւ կրծքավանդակի ձախ կեսի կտրած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Արթուր Ա.-ն:

Ըստ բժշկի տեղեկանքի` տուժողներն ի վիճակի չեն եղել հաղորդում տալու:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:

Կատարվում է նախաքննություն: