Տավուշի մարզի Տավուշ գյուղում հունվարի 13-ին կնոջը խեղդամահ արած 28-ամյա պայմանագրային զինծառայող Հովսեփ Իսրայելյանի գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Հովսեփ Իսրայելյանը հունվարի 13-ին, ժամը 07:00-ի սահմաններում Տավուշի մարզի Տավուշ գյուղի 17 փողոցի տուն 8 հասցեում գտնվող իր տան ննջասենյակում, այլ տղամարդկանց հետ իրեն դավաճանելու թեմայի շուրջ վիճաբանության մեջ է մտել իր կնոջ` Հասմիկ Զաքինյանի հետ, որի ընթացքում ննջասենյակի մահճակալի վրա սպանել է վերջինիս` երկու ձեռքերով պարանոցի շրջանում սեղմելով շնչահեղձ անելու միջոցով դիտավորությամբ Հասմիկ Զաքինյանին զրկել է կյանքից:

Հովսեփ Իսրայելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը՝ ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը: Այս հոդվածը նախատեսում է ազատազրկում ութից տասնհինգ տարի ժամկետով: Հովսեփը կալանավորված է:

Գործը քննվում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: