Արտաշատի բնակիչ, 36-ամյա Արմեն Ա.-ն մեղադրվում է խուլիգանություն կատարելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի ունեցել անցած տարվա օգոստոսի 22-ին գիշերը 02:00-ի սահմաններում: Արմենը մի խումբ մարդկանց հետ գոռգոռացել է եւ խախտել հարեւանների անդորրը, որի պատճառով էլ նկատողություն է ստացել նույն շենքի բնակիչ Տիգրան Խ.-ի կողմից: Չհանդուրժելով նկատողությունը՝ հաջորդ օրը կեսօրին Արմենն իր ընկերներից հետ հարձակվել է Տիգրանի վրա եւ հինգ րոպե ձեռքերով եւ ոտքերով հարվածել գետնին ընկած Տիգրանին՝ պատճառելով մարմնական տարբեր վնասվածքներ: Բացի դրանից՝ Արմենը հարձակվել է նաեւ Տիգրանի որդու՝ Վահեի վրա եւ դաժան ծեծի ենթարկել վերջինիս:

Արմեն Ա.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Այն է՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, ինչպես նաև ուրիշի գույքը ոչնչացնելով կամ վնասելով՝ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից: Այն պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը հինգ տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Արարատի եւ Վայոց Ձորի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական նիստի օրը դեռ հայտնի չէ: