«Վերնիսաժում» մայիսի 17-ին վիրավորված քաղաքացիներից միայն երկուսն են գտնվում հիվանդանոցում: Այս մասին NEWS.am-ին ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
«Ալվինա Բադալյանը, Մնացական Սարգսյանն ու Ներսես Մելքոնյանը դուրս են գրվել, մնացել են Վալերի Հովհաննիսյանն ու Մյասնիկ Հայրապետյանը: Նրանց վիճակն էլ լավ է, ապաքինվում են, ոչ մի խնդիր չկա»,- ասաց նա:
Դեռ հայտնի չէ, թե երբ դուրս կգրվեն Վալերին ու Մյասնիկը:
Նշենք, որ Ներսես Մելքոնյանին դուրս են գրել հունիսի 6-ին եւ անմիջապես ձերբակալել: Չի բացառվում նաեւ, որ դուրս գրվելուց անմիջապես հետո կձերբակալվի նաեւ Վալերի Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին՝ ժամը 13:30-ի սահմանում, «Վերնիսաժի» մոտ հնչել էին կրակոցներ, 5 մարդ վիրավորվել էր, այդ թվում՝ պատահական անցորդներ: Վիրավորվածներին տեղափոխել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասի եւ 258 հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով:
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը մայիսի 18-ին ինքնակամ ներկայացել է ոստիկանություն: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել սպանության փորձ կատարելու համար:
Գոռ Առաքելյանի նկատմամբ երկամսյա նախնական կալանք է սահմանվել։
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























