Սյունիքի մարզի Ագարակ գյուղի բնակիչ, 33-ամյա Փարսադա Փ.-ն մեղադրվում է նախկին աներոջ մեքենան վնասելու մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից:

Դեպքը տեղի է ունեցել մարտի 23-ին Սյունիքի մարզի Շվանիձոր գյուղի կայարանում: Փարսադանը նախկին կնոջ տան մոտ անձնական հարցերի շուրջ վիճել է աներոջ՝ Վիլիկ Ա.-ի հետ: Վիճաբանության ընթացքում նրա գույքը վնասելու դիտավորությամբ Փարսադանը քարերով հարվածել է Վիլիկին պատկանող ավտոմեքենային, վնասել առջեւի հողմապակին, ծածկոցը, տանիքն ու պատճառել զգալի չափերի հասնող գույքային վնաս:

Փարսադան Փ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 1-ին մասով, որը նախատեսում է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից հարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Դատական առաջին նիստը կկայանա հունիսի 9-ին: