Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն պատրաստ է տեղական կառավարման մարմինների արտահերթ ընտրություններ անցկացնել Դոնեցկում եւ Լուգանսկում՝ երկխոսության գործընկերներ ձեռք բերելու համար: Այս մասին նա հայտարարել է երդմնակալությունից հետո Դոնբասի բնակիչներին ուղղված խոսքում:
ЛІГАБізнесІнформ-ի թղթակիցը փոխանցում է, որ Պորոշենկոն Դոնբասին դիմել է ռուսերենով:
«Մեր թանկագին քույրեր եւ եղբայրներ, համաքաղաքացիներ: Ձեզանից շատերն արդեն իրենց մաշկի վրա զգացել են ահաբեկիչների կառավարման հաճույքը: Նրանք խաղաղ բնակիչներին հարստահարելուն եւ թալանելուն զուգահեռ շրջանի առանց այն էլ ճգնաժամային տնտեսությունը հասցրին լիակատար աղետի շեմին: Բայց մենք ոչ մի դեպքում ձեզ դժբախտության պահին չենք լքի», - ասել է նա:
Պորոշենկոյի խոսքով՝ նախագահական ընտրությունները խաչ քաշեցին ուկրաինական իշխանությունների ոչ լեգիտիմ լինելու առասպելին: «Այդ առասպելը տարածում էին ռուսական պրոպագանդան եւ Յանուկովիչի կլանը, որը դավաճանեց Դոնբասը եւ այն շատ ավելի թալանեց, քան մնացած երկիրը: Դոնեցկում նա միանձնյա իշխում էր 17 տարի, հիմա էլ ահաբեկիչներին է ֆինանսավորում: Եվ հենց նա է պատասխանատու շրջանի այսօրվա քաղաքական, սոցիալ-տնտեսական իրավիճակի համար: Եվ գործազրկության, եւ աղքատության, եւ փախստականների, եւ սպանված քաղաքացիների ու մայրերի արցունքների համար»:
Պորոշենկոն խոստացել է, որ առաջիկայում կայցելի Դոնբաս՝ իշխանության ապակենտրոնացման ծրագրով:
«Ինչպես ես առաջիկայում կայցելեմ ձեզ: Խաղաղությամբ, իշխանության ապակենտրոնացման ծրագրով, ձեր շրջանում ռուսերենի ազատ գործածման երաշխիքով, ուկրաինացիներին ճիշտ ու սխալի չբաժանելու վստահ մտադրությամբ, շրջանի առանձնահատկության հանդեպ տածած հարգանքով: Այսօր մեզ երկխոսության համար լեգիտիմ գործընկեր է պետք: Մենք պատրաստ ենք Դոնբասում տեղական կառավարման մարմինների արտահերթ ընտրություններ անցկացնել՝ երկխոսության գործընկերներ ձեռք բերելու համար»,- ընդգծել է նա:





























