Ադրբեջանը չի կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ պարտվել է պատերազմում, որ Լեռնային Ղարաբաղը հայկական տարածք է եւ ամեն կերպ իրադրությունը սրելու ու հարմար պահի հարցը ուժային մեթոդներով լուծելու փորձեր է ձեռնարկում։ Տեսակետը հունիսի 7-ին կազմակերպված մամուլի ասուլիսին «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանն է հայտնել՝ անդրադառնալով Արարատում՝ Նախիջեւանի հետ սահմանին մի քանի օր առաջ տեղի ունեցած միջադեպի հանգամանքներին։
Ազատամարտիկի խոսքով, Նախիջեւանի ուղղությամբ տեղի ունեցած միջադեպի պատճառներից մեկը մոլորությունն է. ադրբեջանական կողմին թվում է, թե, լարվածությունը սրելով, կարող է ստիպել սահմանակից շրջանների բնակչությանը, որ լքեն իրենց տները, այսինքն՝ հարցի՝ ուժային մեթոդներով լուծման հեռանկարի համար հարմար պայմաններ ստեղծել։
Ինչպես արդեն հաղորդվել է, հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանի Արարատ-Նախիջեւան հատվածում, հրադադարի ռեժիմի խախտմամբ, ադրբեջանցի դիպուկահարի կրակոցից երկու հայ զինծառայողներ են զոհվել՝ Անդրանիկ Սամվելի Եգոյանը (ծնվ. 1988թ.) եւ Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ.)։





























