Կոտայքի ներկայիս մարզպետ, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանը դրական է գնահատում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը, եւ ափսոսանք է հայտնում, որ միջազգային կոնֆերանսի ժամանակ իր եւ բնապահպանների հարցուպատասխանը վերածվել է վիճաբանության:
Նախկին նախարարը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Ես իրոք ափսոսանք եմ հայտնում, որ «Պատասխանատու հանքարդյունաբերություն, մարտահրավերներ եւ հնարավորություններ» միջազգային կոնֆերանսի շրջանակներում Ձեզ հետ մեր հարցուպատասխանը վերածվեց վիճաբանության:
Երկխոսության կառուցման ու քաղաքակիրթ բանավեճի ծավալման մշակույթի ու փորձի պակասը, ցավոք սրտի, հանգեցրեց մի իրավիճակի, որի արդյունքում հնչեցին անհիմն մեղադրանքներ եւ կոշտ արձագանքներ:
Կարծում եմ, որ կողմերը փոխադարձաբար պետք է հայցեն միմյանց ներողամտությունը, ինչը ես անում եմ՝ կրկին անգամ նշելով, որ ոչ մեկի վիրավորելու մտադրություն չեմ ունեցել, պարզապես փորձել եմ զսպել որոշ անձանց ոչ պատշաճ վարքագծի դրսեւորումները:
Ես դրական եմ վերաբերվում Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշմանը եւ գնահատականին՝ նկատի ունենալով, որ վերջապես սահմանվեց եւ դրվեց այն նշաձողը, որը վերաբերվում է քաղաքացիների հետ շփվելիս քաղաքական գործիչների, կառավարության անդամների, պաշտոնատար անձանց հանրային վարքագծին: Դրանով դուրս բերվեցին այն չափանիշները, որոնցով այսուհետ պետք է գնահատվի հանրային ծառայողի, պետական պաշտոնյայի վերաբերմունքը եւ դրա հարգալից լինելը:
Կարծում եմ այս որոշումը կարեւոր է նաեւ նրանով, որ ընդգծվեց պաշտոնատար անձանց անձնական կյանքի նկատմամբ հարգանքի իրավունքի պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հանրային ծառայողների եւ պաշտոնատար անձանց հետ հարաբերվելու որոշակի վարքագծային կանոններ է թելադրում նաեւ հասարակության անդամներին:
Ես լիահույս եմ, որ հասարակության անդամները եւս կգնահատեն փոխադարձ հարգանքի վրա քաղաքացի-պաշտոնյա շփումների նոր մշակույթի ձեւավորմանն ուղղված Հանձնաժողովի ջանքերը, եւ Հանձնաժողովի որոշմամբ ամրագրված մոտեցումները համատեղ կյանքի կկոչենք»:
Հիշեցնենք, որ մարտի 25-26-ին Երեւանում անցկացվող «Պատասխանատու հանքարդյունաբերություն. մարտահրավերներ եւ հնարավորություններ» թեմայով միջազգային կոնֆերանսի ընթացքում տեղի է ունեցել միջադեպ բնապահպան ակտիվիստների եւ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի միջեւ: «Անպատասխանատու» որակելով Հայաստանում իրականացվող հանքարդյունաբերությունը՝ բնապահպան ակտիվիստները միջոցացառման դահլիճում կազմակերպել են բողոքի ակցիա՝ իրենց դժգոհությունն արտահայտելով Հայաստանի հանքարդյունաբերության եւ դրա նկատմամբ ՀՀ բնապահպանության նախարարության անարդյունավետ վերահսկողության առնչությամբ: Ի պատասխան ակցիայի մասնակիցների հնչեցրած կարծիքների՝ նախարարը սպառնացել է ակցիայի մասնակիցներից մեկին, ասելով. «Չափդ ճանաչի, ականջներդ կպոկեմ, կտամ ձեռքդ, լակոտ»:





























