Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Ուկրաինան պետք է միասնական, ամբողջական պետություն  լինի: Այս մասին նա հայտարարել է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի երդմնակալությունից հետո:

«Ուկրաինան պետք է միասնական, ամբողջական պետություն  լինի  եւ այդպիսին  կլինի», - ասել է նա լրագրողներին: Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է պայմանավորվի Ռուսաստանի հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:

«Կարեւորն այն է, որ ուկրաինացիները դուրս գան այս վիճակից:  Ես չեմ կարծում, որ դրությունն աղետալի է: Չափազանց շատ են կրքեր բորբոքվում, չափազանց շատ են խոսակցությունները: Պարզապես հարկավոր է հանդարտվել եւ կայունացնել իրավիճակը»,- հավելել է  Բելառուսի առաջնորդը: