Ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքի լրագրողներին ձերբակալել է Ուկրաինայի ազգային գվարդիան, նրանց մեղադրում են անցակետերից մեկը դիտելու համար: Այս մասին հունիսի 7-ին հայտնել են ազգային գվարդիայից՝ նշելով, որ լրագրողներին հանձնել են անվտանգության ծառայությանը: Ազգային գվարդիայից հայտնել են, որ լրագրողները փաստաթղթեր են ունեցել, որոնք հաստատում են ինքնահռչակ Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում հավատարմագրված լինելը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
«Զվեզդա» հեռուստաալիքի նկարահանող խումբը (օպերատոր Անդրեյ Սուշենկով եւ վիդեոինժեներ Անտոն Մալիշեւը), եթեր դուրս չեն եկել հունիսի 6-ից: Ըստ հեռուստաալիքի՝ նրանց բռնել էին Սլավյանսկի մոտի անցակետերից մեկում: Սեւ հագած դիմակավոր անձինք հարձակվել էին լրագրողների վրա, ձեռնաշղթաներ հագցրել եւ ծնկի իջեցրել, այնուհետեւ տարել անհայտ ուղղությամբ: Լրագրողների ազատման գործին իսկույն ձեռնամուխ էր եղել Ուկրաինայում ՌԴ դեսպանատունը:
Լրագրողներին ազատելու կոչ են արել Ռուսաստանի եւ Մոսկվայի ժուռնալիստների միությունները:





























