Այն տարիքում չեմ, որ խանդավառված լինեմ, ծափ տամ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վազգեն Կարախանյանը, որը հունիսի 6-ին ստացավ Մարտին Սարգսյանի պատգամավորական մանդատը:

«Հիմա այն տարիքում չեմ, որ ասեմ՝ խանդավառված եմ, ծափ տամ: Նորմալ է, ես թիմի մարդ եւ թիմի ներկայացուցիչ: Միշտ էլ ակտիվորեն մասնակցել եմ քննարկումներին, հետեւել իրադարձություններին»,- ասաց նա՝ նշելով, որ մինչեւ մանդատը ստանալը՝ զբաղեցրել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդականի պաշտոնը:

Անդրադառնալով այսօրվա խորհրդարանին՝ պատգամավորն ընդգծեց, որ ընդդիմությունը սկզբունքային, գաղափարական դաշտից տեղափոխվել է հայհոյանքների, պատգամավորին ոչ հարիր դաշտ:

«1966թ.-ից քաղաքականության մեջ եմ, եղել եմ ընդհատակում, ճաշակել եմ սովետական ԿԳԲ-ի «բարիդրացիական բարիքները»: Բաներ կան, որ ինձ համար սկզբունքային են եւ կապ չունի՝ ընդդիմություն, թե դիմություն: Ամեն դեպքում մի բան եմ նկատել, որ ընդդիմության ներկայացուցիչները սկզբունքային գաղափարական դաշտից տեղափոխվել են պատգամավորին ոչ հարիր դաշտ: Նրանց արժանի պատասխան պետք է տրվի, որովհետեւ նրանք իրավունք չունեն օգտագործել ամբոխավարական նկրտումները, որովհետեւ մեզ քաջ հայտնի է, որ ժողովրդի մեջ կան շերտեր, որոնց դուր է գալիս անիրական սենսացիոն հայտարարությունները, հայհոյանքները, նրանք սնվում են նրանցով, իսկ ընդդիմության պատգամավորներն օգտագործում են այդ շերտերը»,- ավելացրեց նա:

Նշենք, որ Վազգեն Կարախանյանը՝ որպես պատգամավոր, խորհրդարան կգա արդեն հունիսի 9-ին:

Հիշեցնենք, որ Մարտին Սարգսյանը հունիսի 3-ին նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ, իսկ հունիսի 6-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը մանդատը հանձնել էր Վազգեն Կարախանյանին: