Հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, հունիսի 5-ին հակառակորդի կողմից սպանված Բորիս Բենիկի Գասպարյանին այսօր՝ հունիսի 7-ին, զիվորական պատիվներով հուղարկավորել են Արարատ գյուղի գերեզմանոցում:

«Մեր բալին էսօր փառքով տարել, թաղել եք, դժվարությունով էր ծնվել, դժվար էր ապրել, բայց փառքով թաղեցինք, երեկ ու էսօր շատ զինվորականներ են եկել, բոլորից շնորհակալ ենք, մենակ մեր երեխու բախտից չենք շնորհակալ»,-NEWS.am-ի հետ զրուցում ասաց մահացած զինծառայողի բարեկամուհին՝ տիկին Ռիտան:

Բորիսին հուղարկավորել են վեց ամիս առաջ մահացած հոր կողքին։ Բարեկամները պատմեցին, որ Բորիսի մոր՝ տիկին Էմմայի վիճակը վատ է, կատարվածից ուշքի չի գալիս, առողջական լուրջ խնդիրներ ունի։

«Թող մեր տղեն վերեւից բոլոր զինվորներին լավ նայի: Աղոթում ենք, որ մյուս զինվորները խաղաղ ծառայեն, ու թող էդ թուրքի հրացանն էլ խաղալիք դառնա իրանց ձեռքերում»,- ասաց տիկին Ռիտան։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, 22-ամյա Բորիսը տան միակ երեխան էր, ապրում էր մոր հետ եւ պատրաստվում էր ամուսնանալ։ Նշենք, որ հունիսի 5-ին Արարատի մարզում դիպուկահարի կրակոցներից զոհվել էր երկու պայմանագրային զինծառայող՝ 26-ամյա Անդրանիկ Եղոյանը Արարատ քաղաքից, եւ Բորիս Գասպարյանը Արարատ գյուղից: