Հայաստանի 59 համայնքներում, այդ թվում Գորիսում եւ Ջերմուկում, այսօր՝ հունիսի 8-ին, առավոտյան ժամը 8-ին բացվել են բոլոր ընտրատեղամասերը, ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է համայնքի ղեկավարի 66 թեկնածու, իսկ ավագանու անդամի համար՝ 188 թեկնածու: Ընտրություններ են կայանալու Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում:

Ջերմուկում առաջադրվել են գործող քաղաքապետ, հանրապետական Վարդան Հովհաննիսյանն ու անկուսակցական Կորյուն Ստեփանյանը:

Չնայած 59 համայնքներում ընտրություններ են լինելու, համեմատաբար թեժ ընտրապայքար սպասվում է Գորիսում: Այստեղ նախապես առաջադրվել էր 4 թեկնածու՝ անկուսակցականներ Հրայր Յոլյանն ու Տիգրան Կարապետյանը, ՀՀԿ-ական Վաչագան Ադունցը եւ Արա Բուդաղյանը: Ավելի ուշ՝ մայիսի 20-ին, թեկնածուներից երկուսը՝ Արա Բուդաղյանն ու Տիգրան Կարապետյանը ինքնաբացարկ ներկայացրին: