Հայ-ադրբեջանական սահմանագոտու մարտական հենակետում՝ Նախիջեւանի հետ սահմանին, հունիսի 5-ին, հակառակորդի կրակոցից զոհված՝ Արարատի մարզի 26-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Անդրանիկ Եղոյանին կհուղարկավորեն վաղը Արարատ քաղաքում: Անդրանիկի մարմինը այսօր կեսօրից հետո տարել են տուն։
Մահացած զինծառայողի բարեկամուհին՝ տիկին Նաիրան, NEWS.am-ի հետ զրույցում պատմեց, որ Անդրանիկի մոր վիճակն ավելի վատ է, քան առաջին օրը, երբ լսել էր որդու մահվան լուրը. «Էն ժամանակ ոնց որ չհավատար, որ տենց բան ա եղել, բայց որ հիմա գիտակցում ա, որ էլ տղեն տան շեմից ներս չի մտնի...»:
Բարեկամու խոսքով՝ Անդրանիկի որդին՝ երկուամյա Էրիկը, չի հասկանում, թե ինչ է կատարվում տանը, բայց տուն մտնող զինվորականների մեջ փնտրում է հորը:
Բարեկամները NEWS.am-ին պատմեցին, որ քիչ առաջ տեղեկացան, որ ժամը 18:00-ին իրենց տուն է գալու Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Արարատի մարզի 26-ամյա բնակիչ, պայմանագրային զինծառայող Անդրանիկ Եղոյանը մահացել է հունիսի 5-ին հակառակորդի դիպուկահարի կրակոցից։ Նույն օրը սահմանի նույն հատվածում մահացել էր պայմանագրային զինծառայող, Արարատի մարզի 22-ամյա բնակիչ Բորիս Գասպարյանը։





























