Այսօր, քան երբեք,  մեր երկրի առջեւ ծառացել են այնպիսի մարտահրավերներ, որոնք օր առաջ կարոտ են լուծման: Այդ մասին ասվում է  Հայաստանի Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության կոչում:

«Արդեն ազգային աղետի վերածված արտագաղթ, սոցիալ-տնտեսական ծանրագույն պատկեր, բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ. 127-ամյա Հնչակյան կուսակցությունը չի կարող եւ իրավունք էլ չունի առկա խնդիրներին հետեւել դիտորդի կարգավիճակում: Մենք եւս ունենք պատասխանատվության մեր բաժինը: ՍԴՀԿ-ն իր գոյության  հարյուրից ավել տարիների ընթացքում ծանր ճանապարհ է անցել, եղել է եւ կմնա պահանջատեր հանուն Ազատ, Անկախ եւ Միացյալ Հայաստանի, հանուն մեր ժողովրդի բարեկեցիկ, սոցիալապես պաշտպանված եւ անվտանգ գոյության:

Մեկ անգամ չէ, որ Ս.Դ. Հնչակյան կուսակցության տարբեր գործիչներ հայտարարել են, որ առկա ճգնաժամային իրավիճակի միակ լուծումը համակարգային փոփոխություններն են: Երկրի զարգացումը, այս փակուղային իրավիճակի հաղթահարումն առնվազն միամտություն կլինի կապել որեւէ անձի փոփոխության հետ: Արդեն շուրջ 23 տարվա Անկախ Հանրապետության տարիներին մեր երկրում միշտ էլ փոփոխվել են անձինք, պետական եւ քաղաքական գործիչները իշխանական վերին օղակներում փոխարինել են մեկը մյուսին, սակայն այս փոխատեղումներից երկրի վիճակը ոչ միայն չի լավացել, այլեւ պարբերաբար հետընթաց ենք արձանագրել: Արդ, Ս.Դ. Հնչակյան կուսակցությունը ձեր դատին է ներկայացնում համակարգային փոփոխությունների իր տեսլականը, ճանապարհ, որն, անշուշտ, զոհողություններ եւ քաղաքական կամք է պահանջում, սակայն նաեւ ճանապարհ, որը, մեր խորին համոզմամբ, այլընտրանք չունի: Այս 10 կետերը, որոնք հրապարակում է ՍԴՀԿ-ը, համոզված ենք, միակ անկողմնակալ լավագույն տարբերակն է Հայաստանը ճգնաժամից դուրս բերելու համար: Մենք չենք կարող եւս տարիներ սպասել, լուռ հետեւել, թե ինչպես է անդունդը գլորվում երկիր, որի գոյության համար մեր հեղափոխական պայքարի  ճանապարհին հազարավոր զոհեր ենք տվել:

Հայաստանի  ապագան այլընտրանք չունի: Այդ ճանապարհը, սակայն, չի լինելու հեշտ, անհրաժեշտ է միասնական ճիգ գործադրել, ձեռք պարզել մեկմեկու, ձեռք, որ Հնչակյան կուսակցությունը իր ամբողջ կազմակերպական կառույցներով՝ Լիբանանից մինչեւ Ավստրալիա, Ուրուգվայից մինչեւ Հայաստան, պարզում է բոլոր առողջ եւ հայրենասեր ուժերին, լինեն դրանք ընդդիմության, թե իշխանության մեջ՝ երկիրը փակուղային իրավիճակից հանելու միասնական ջանքի համար:»,- նշել են կոչի հեղինակները: