Անդրկովկասում Ռուսաստանի ռազմավարական գործընկերը միայն ու միայն Հայաստանն է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայատանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը՝ անդրադառնալով Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Ադրբեջան այցի ընթացքում հնչեցված ձեւակերպմանը. «Ադրբեջանը Անդրկովկասում Ռուսաստանի Դաշնության ռազմավարական գործընկերն է»:
Սակայն Ռուսաստանը, Սարգսյանի խոսքերով, Ադրբեջանի հետ առեւտրային հարաբերությունների մեջ է գտնվում, այդ թվում նաեւ զենք է վաճառում: «Դրանք ընդամենը առեւտրային հարաբերություններ են: Ռուսաստանը Հայաստանում այնպիսի հզոր ռազմական ներուժ ունի, որ հավասարակշռությունը ոչ մի դեպքում չի խախտվի: Եվ խնդրում եմ, որ հայ ժողովրդի ոչ մի ներկայացուցիչ չանհանգստանա այդ առիթով, քանի որ եթե ոչ Ռուսաստանից, ապա նրանք այնուամենայնիվ ձեռք կբերեին զենք այլ պետությունից», - նշեց Տաճատ Սարգսյանը:




























