Գյումրիի «Ծննդատուն» ՓԲԸ-ում հունիսի 1-ին ծննդաբերելու ժամանակ առաջնեկին կորցրած 22-ամյա Նարինե Ղուկասյանին տեղափոխել են Ախուրյանի «Մոր ու Մանկան» առողջության կենտրոն։ Այս մասին NEWS.am-ին ասաց Նարինեի ամուսինը՝ Սիփան Մարտիրոսյանը: Ամուսնու խոսքով՝ կնոջ առողջական վիճակը վատացել է, Նարինեն ունեցել է բարձր ջերմություն ու գլխապտույտ: Նրան հունիսի 6-ի ուշ գիշերը տեղափոխել են հիվանդանոց:
«Մենք կնոջս Գյումրու չարաբաստիկ ծննդատնից շուտ տեղափոխեցինք տուն, չվստահեցինք իրանց բժիշկներին, երեխայիս գլուխը կերան, վախեցանք, հիմա էլ կնոջս կորցնե՞նինք, եւ հետո այնտեղ ոչ մի ուշադրություն չէին դարձնում կնոջս, երեւի բժկի հսկողության տակ չեղավ այս քանի օրը, դրա համար վատացավ»,- ասաց Սիփան Մարտիրոսյանը՝ հավելելով, որ կնոջն վիճակն արդեն կայունացել է։
Սիփան Մարտիորոսյանը նշեց նաեւ, որ ոստիկանությունում իր բողոքին դեռեւս ընթացք չեն տվել, իրեն առայժմ չեն կանչել հարցաքննության:
«Չեմ հասկանում՝ իրավապահ մարմինների լռությունն ինչով է պայմանավորված, բայց ես իմ բողոքից չեմ հրաժարվելու, գնալու եմ մինչեւ վերջ, մենք մեր երեխային կորցնելու ցավը զգալով՝ չենք ուզում, որ ուրիշներն էլ նույն ճակատագրին արժանանան, պետք է մեղավորները պատժվեն»- ասաց Նարիների ամուսինը: Հիշեցնենք, որ երեխայի մահվան համար Նարինեի ընտանիքը մեղադրում է բժիշկներին՝ պնդելով, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձրել ծննդկանին եւ թերացել են մասանագիտական պարտքը կատարելիս։
Գյումրու «Ծննդատուն» ՓԲԸ տնօրեն Վարդան Սարգսյանն էլ NEWS.am-ին ասաց, որ Շիրակի մարզի դատախազություն բողոք-հայտարարություն է ուղարկել Նարինեի հարազատների դեմ, ովքեր դեպքի օրը, տեղեկանալով, որ երեխան մահացած է ծնվել, ծեծկռտուք էին սարքել հիվանդանոցում, հարձակվել բժիշկների վրա, հարվածել հիվանդանոցի տնօրենին։ Հիշեցնենք, որ բժիշկների խոսքով, Նարինեի պտղաջրերում առկա է եղել ինֆեկցիա, ինչն էլ հանգեցրել է պտղի մահվանը։





























